Այս հիվանդության առանձնահատկությունը նրանում է, որ եթե դու դեղամիջոցը մշտապես ընդունում ես, առանց ընդմիջումների և բացթողումների, կարող ես ապրել առողջ մարդու սովորական առօրյայով` աշխատել, հոգ տանել ընտանիքիդ մասին, ապրել երկար և երջանիկ։ Իսկ չընդունելու դեպքում զրկվում ես այս ամենից։ Սկզբում հայտվում են գոտկատեղի ցավերը, այնպիսի ուժգնությամբ, որ անհնար է քնել, հատկապես լուսաբացին։ Ժամանակի ընթացքում ցավը վերև է բարձրանում և հասնում վզին, հոդերը քարանում են և սերտաճում, ողնաշարը դադարում է ճկվել, և հւվանդն անշարժ է դառնում։ <<Ինչո՞ւ եք այդպես վախեցնում>> ,- միգուցե հարցնի ինչ-որ մեկը։ Հավատացեք, ո’չ նրա համար, որ վախ կամ խղճահարություն առաջացնենք, այլ ուղղակի ցույց տալու համար, թե ինչպես կարող է ամսեկան 250$ փոխել մարդու կյանքը։
Մինչև 2023թ. սեպտեմբերը Պողոսն ինքնուրույն էր լուծում իր բուժման հարցերը։ Ընդհանրապես նրա կյանքի պատմությունը արկածային վեպ է հիշեցնում։ Չնայած հիվանդությանը` նա ցանկանում է որպես կամավոր գրանցվել և մեկնել Արցախ։ Նրան չեն վերցնում։ Մեկնում է Արցախ` ապրելու, սկսում աշխատել որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ Մարտակերտի Քոլատակ գյուղի դպրոցում, այնուհետև դասավանդում է Հադրութում։ Սրան զուգահեռ Պողոսը կազմակերպում է արհեստավորների խումբ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ կազմակերպում է ծառատնկման ակցիաներ, ֆիլմերի դիտում երեխաների համար, միջոցառումներ դեռահասների համար… Գիտե՞ք ինչպես էր կոչվում նրա ակումբը` <<Ակնոց>>։ Հապավում է` <<Աշխարհում կերտում եմ նոր որակի ցեղատեսակ>> ։ Հետո շրջափակումը, երեք օր Ստեփանակերտից Գորիս, անմիջապես կամավորություն Վայքում և վերադարձ Երևան:
Հիմա Պողոսին կրկին դեղ է անհրաժեշտ։ ԵՎ մենք խոստացել ենք նրա կողքին լինել, ինչպես նա իր երեխաների, սաների կողքին էր։ Առաջին ամսվա համար մենք դեղը գնել ենք ամենամսյա նվիրատվությունների հաշվին։ ԵՎս մեկ օրինակ, թե ինչքան կարևոր են ամենամսյա նվիրատվությունները։

Այժմ մենք խնդրում ենք ձեզ միանալ մեզ և աջակցել Պողոսին, մինչև նա նորից ոտքի կկանգնի Հայստանում։ Կցանկանայինք առաջիկա մի քանի ամիսների համար դեղը գնել։ Օգնեցե’ք մեզ օգնել Պողոսին։
Թո’ղ Պողոսը հետո նույնպես հնարավորություն ունենա բարության և գիտելիքի սերմեր ցանել։ Միայն պատկերացրեք, թե ինչպիսի չքնաղ և անհավանական գործեր նա կկարողանա արարել։ ԵՎ այդ հնարավորությանը գինն ամսեկան ընդամենը 250$ է։
Լուսանկար․ VIVA Հիմնադրամի արխիվ