Մենք միասին մեծ գործ արեցինք։ Տոնավաճառից ստացված ողջ հասույթը կուղղորդվի VIVA Հիմնադրամի` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող օգնության ծրագրերին։
Չնայած ձյան առատ տեղումներին և մրրիկին, օրն իրապես ջերմ ստացվեց։ Ժպիտներով, գրկախառնություններով, հաճելի ծանոթություններով և ուրախալի հանդիպումներով։ Չհաշված այն, որ յուրաքանչյուր ոք կարողացավ իր հետ տուն տանել մի կտորիկ Հայաստան` հուշանվեր, խաղալիք, նվեր, քաղցրավենիք… Իսկ այժմ ժամանակն է ամփոփել արդյունքները և ասել <<Շնորհակալությո’ւն>> բոլոր նրանց, ում շնորհիվ Տոնավաճառն իրականություն դարձավ։
Խորին շնորհակալություն ենք ուզում հայտնել առաջին հերթին մեր անփոփոխ համակազմակերպչին` Հայ մշակույթի ակադեմիային և անձամբ Վարդուշ Քարևային` Հիմնադրամի կյանքում մշտական մասնակցության և աջակցության համար, տարածքի տրամադրման և վարպետաց դասի համար։ Արդեն երրորդ տարին է, ինչ մենք հավաքվում ենք ձեր հյուրընկալ հարկի տակ։

Շնորհակալություն Տերյան մշակութային կենտրոնին` աննկարագրելի գեղեցկության տոնածառի խաղալիքների, շքեղ գլխաշորերի, սփռոցների, զարդարանքների համար, և նրա համար, որ այդ ողջ գեղեցկության վաճառքից ստացված հասույթի 100%ը փոխանցվեց Հիմնադրամին։
Մեր մշտական գաստրոգործընկեր Gayane’s ռեստորանը Տոնավաճառի համար պատրաստել էր խմորեղեն, որի իրացումից ստացված ՈՂՋ հասույթը նմանապես փոխանցվեց Հիմնադրամին։ Գայանե Բրեիլովա, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ինչպես միշտ, ամեն ինչը բարձրակարգ էր։

Տոնավաճառի ժամանցային մասի համար պատասխանատու էին մի քանի ընկերություններ, որոնք հաճելի նվերներ էին պատրաստել երեխաների և մեծերի համար։ Բարեգործական խաղարկության ժամանակ խաղարկվեցին Kidzania-ի, Գավիթ թատրոնի, Cinema Starի, Island Dance -ի տոմսերը։ Հայկական տարազներով իսկական ֆոտոսեսիա կազմակերպեցինք։ Յուրաքանչյուր տարի այն յուրահատուկ հետաքրքրություն և բուռն իրարանցում է առաջացնում։


Նրանք, ովքեր Տոնավաճառ էին եկել համեղ ապրանքների հետևից` դատարկ ձեռքերով չհեռացան։ Անփոփոխ պահանջարկ և հռչակ էին վայելում, ինչպես միշտ, Լեբո սուրճը, հայկական չրեղենը, մուրաբաները, թթվեղենը, պահածոները և այլ համադամ ուտեստները` <<Ձյաձյա Վանյա>>, <<Իջևան>>, Էկոռանչո, Eco Natural Food Armenia արտադրողներից։ Այս տարվա Տոնավաճառն անմասն չմնաց մեր մշտական գործընկեր Koor ընկերության հիանալի գինիներից։ Ունեինք նաև պանրային հատընտիր տրյուֆելներ L’art Du Fromage-ից, ձեռագործ շոկոլադ և խմորեղեն, շատ, ՇԱՏ խմորեղեն։



Տոնավաճառում իրենց ամանորյա նախշերով հոյակապ դրսևորեցին ամանեղենի և տեքստիլի արտադրողները, Hitt-ի` տան համար նախատեսված ապրանքները, մոմերն ու զարդահարդարման այլ առարկաները։
Վերոնշյալ բոլոր գործընկերները նույնպես ապրանքներից և ծառայությունների վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցեցին VIVA հիմնադրամի` Արցախից բռնի տեղահանվածների օգնությանն ուղղված ծրագրերին։

Հատկապես ուզում ենք նշել Խարբերդի մեր խնամակալության տակ գտնվող գիշերօթիկ դպրոցի երեխաների կողմից ստեղծված ձեռագործ օճառները։ Հիշո՞ւմ եք, երբ մենք միջոցներ հավաքեցինք երեխաների համար օճառի արտադրամաս ստեղծելու համար: Այն աշխատում է: Եվ կա՛ արդյունք։
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար: Շնորհակալություն, սիրելիներս, ձեր օգնության համար: Միասին մենք հավաքեցինք 582607 ռուբլի, որից յուրաքանչյուր ռուբլին կուղղվի բարի գործին։ Եվ այս մասին մենք անպայման կգրենք։ Հետևեք հիմնադրամի նորություններին և մեր հաշվետվություններին։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Լուսանկարը՝ Նորայր Սիմոնյանի